Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

31 мая 2015 г.

Հնդկական հեքիաթ 1 | Նապաստակը ԵՎ Փիղը

Նապաստակը ԵՎ Փիղը

Շատ վաղուց հեռավոր հնդկական ջունգլիներում ապրում էր փղիկը։ Նա մի նապաստակ ընկեր ուներ։ Նապաստակը շատ մեծ էր, բայց միևնույնն է, փոքր էր փղիկի հետ համեմատած։ Բայց չնայած չափսերի այդ տարբերությանը, նապաստակն ու փղիկը լավ ընկերներ էին ու միշտ միասին հետաքրքիր խաղեր էին խաղում։

Մի անգամ նապաստակը փղիկին հարցրեց.
-Ո՞վ է մեզնից մեծ՝ ե՞ս, թե՞ դու։
Այդ հիմար հարցի պատճառով փղիկը քիչ մնաց բանանից խեղդվեր։
-Կատակում ես, երևի,- բացականչեց նա։- Եթե դու նույնիսկ ոտքիդ ծայրերի վրա կանգնես, ապա հազիվհազ կհասնես իմ ծնկին։
Բայց նապաստակը շարունակեց.
-Դա միայն դու ես այդպես մտածում։ Ես պնդում եմ, որ ես քեզնից մեծ եմ ու հիմա մեզ դատավոր է պետք, որ մեր վեճը լուծի։ Համաձա՞յն ես։
– Իհարկե,- պատասխանեց փղիկը, դեռևս մտածելով ընկերոջ հարցի վրա։
– Այդ դեպքում գնանք գյուղ և մարդկանց հարցնենք։ Նրանք կենդանիներից ավելի խելացի են և ամենալավ դատավորներն են։
Եվ նրանք եկան գյուղ։ Շուտով հանդիպեցին մարդկանց։
– Տեսեք այս երիտասար փղիկին, ի՜նչ փոքր է նա… – լսեցին նրանք, թե ինչեր էին մարդիկ խոսում իրենց մասին։
– Այո, նա փոքրիկ է, բայց շուտով կմեծանա,- պատասխանեց մեկ ուրիշ մարդ։
Հետո ինչ-որ մեկը նկատեց նապաստակին։
-Տեսե՛ք, ինչ հսկա նապաստակ է,- բացականչեցին բոլորը։
Նապաստակն իրեն լավ զգաց ու կուրծքը հպարտ առաջ ձգելով, սկսեց քայլել փղիկի առջևից։ Երբ մարդկանց կողքով էր անցնում, լսեց, թե ինչպես էին մարդիկ հիանում իրենով.
– Տեսեք ինչպիսի թաթեր ունի, բա ականջները։ Այսպիսի նապաստակ մենք երբեք չենք տեսել։
Երբ նապաստակը լսեց այս խոսքերը, շուռ եկավ դեպի իր ընկերն ու ասաց.
-Այժմ տուն վերադառնանք, մեր վեճը լուծեցին մարդիկ։ Ես հսկա եմ, իսկ դու՝ փոքրիկ։
Փղիկը տխուր թափահարեց գլուխը։ Նա հասկացավ, որ նապաստակը խորամանկեց։ Եվ որոշեց պատժել նրան։ Ջունգլի վերադառնալիս նա բարձրացրեց իր ոտքը և ասաց.
-Զգուշացիր, այլապես այս փոքրիկ փղիկը հիմա ոտնատակ կանի աշխարհի ամենամեծ նապաստակին։
Այդ օրվանից նապաստակն ու փղիկն այլևս դադարեցին ընկերներ լինել։
Նյութը վերցրի poqrik.am կայքից

Կանացի գեղեցկության չափանիշները Հնդկաստանում

Ինչպե՞ս են փոխվել կանացի գեղեցկության չափանիշները Հնդկաստանում 100 տարում
Տեսանյութը դիտելու համար սեղմեք՝ ԱՅՍՏԵՂ


20 мая 2015 г.

Շախմատ գյուտի պատմությունը.

Ինչպես գիտեք շախմատ խաղը  ծագել է Հնդկաստանում(երկու հազար տարուց ավելի առաջ):Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։


Հետագայում այս խաղը Հնդկաստանից անցավ Իրան և արաբների միշոցով էլ՝ Եվրոպա: Խաղի անունն էլ արաբական է: Շախ կամ շեյխ բառը արաբերեն է և նշանակում է թագավոր կամ մեծն իշխան:«Մատ» բառն էլ դարձյալ արաբերեն է և նշանակում է «գերի վերցնել»: Այս հիանալի խաղի գյուտը վերագրվում է Սիսսու հնդիկ գիտնական -փիլիսոփային:


Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով: Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ: Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ: Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության:


Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը:Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին: Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար: Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»:


Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ: Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն և վիճակի չէ վճարելու:

Կրիշնան և Ռադհան
խաղում են չատուրանջա

10 мая 2015 г.

Հնդկաստանի վարչական բաժանում

Վարչականորեն Հնդկաստանի Հանրապետությունը այժմ բաժանվում է 29 նահանգների և 7 տարածքի (այդ թվում 6 միութենական տարածք և 1 Դելի ազգային մայրաքաղաքային շրջան)։ Ամեն նահանգը, իր հերթին, բաժանվում է շրջանների (դիստրիքտների), որոնց ընդհանուր թիվը կազմում է 642։


Նահանգները՝
  1. Անդհրա Պրադեշ
  2. Արունաչալ Պրադեշ
  3. Ասսամ
  4. Բիհար
  5. Չհաթիսգարհ
  6. Գոա
  7. Գուջարաթ
  8. Հարյանա
  9. Հիմաչալ Պրադեշ
  10. Ջամմու և Քաշմիր
  11. Ջարքանդ
  12. Կարնատակա
  13. Քերալա
  14. Մադհյա Պրադեշ
  15. Մահարաշտրա
  16. Մանիպուր
  17. Մեգհալայա
  18. Միզորամ
  19. Նագալենդ
  20. Օրիշա
  21. Փենջաբ
  22. Ռաջաստան
  23. Սիքիմ
  24. Թամիլ Նադու
  25. Տալանգանա
  26. Տրիպուրա
  27. Ուտար Պրադեշ
  28. Ուտարաքհանդ
  29. Արևմտյան Բենգալիա
Միութենական տարածքներ`
  • A. Անդամանյան և Նիկոբարյան կղզիներ
  • B. Չանդիգարհ
  • C. Դադրա և Նագար Հավելի
  • D. Դաման և Դիու
  • E. Լաքշադվիպ
  • F. Դելի ազգային մայրաքաղաքային տարածք
  • G. Պուդուչերրի

2 мая 2015 г.

Հնդկական առածներ և ասացվածքներ - մաս 2

Օգտվել եմ 1969-ին հրատարակված «Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ» ժողովածուի հնդկական բաժինից:
  1. Ծեր թութակը ոչինչ չի սովորի։
  2. Կաթիլ-կաթիլ քար կծակի։
  3. Կճուճը կժին կգովի։
  4. Կովի պոզերն իր համար ծանրություն չեն։
  5. Կրակը յուղով չեն հանգցնի։
  6. Կույրը հայելին ի՞նչ կանի։
  7. Կույրն ի՞նչ է ուզում՝ երկու աչք։
  8. Համբերությունը դառն է, պտուղները քաղցր։
  9. Հիմարության դեմ դեղեր չկան։
  10. Հրդեհը ծագելուց հեստ ջրհոր փորերս մասին մտածեւը ուշ է։
  11. Ճրագն իր տակը լույս չի տա։
  12. Մարդկանց արտաքինով չեն դատում։
  13. Մեղրածոր խոսքեր ասելով բերանդ չի մեղրոտվի։
  14. Մի ձեռքը ծափ չի տա։
  15. Մի ձեռքով տալիս է, մյուսով վերցնում։
  16. Մի նուռ, հարյուր հիվանդ։
  17. Մի պատյանում երկու սուր չի տեղավորվի։
  18. Մի փոքր կրակից ամբողջ անտառը կարող է մոխրանալ։
  19. Միայն փորձն է մարդուն իսկական վարպետ դարձնում։
  20. Միությունն ուժ Է։
  21. Նա է ընկերդ, ով դժբախտության ժամանակ կանգնած է կողքիդ։
  22. Նա իր մորթին փոխում է, ինչպես քամելեոն։

   23. Նվիրած հորթի ատամներին չեն նայի։
   24. Շտապ կատարած աշխատանքն անհաջող կլհնի։
   25. Ո՞վ կասի թե իր թանը թթու է։
   26. Որտեղ հոգս, այնտեղ անքնություն։
   27. Որտեղ մեղր, այնտեղ ճանճ։
   28. Չախկալը առյուծի մորթու մեջ էլ առյուծ չի դառնա։
   29. Չարություն անողը չարությամբ կվարձատրվի։
   30. Չափավորությունը մեծ հարստություն է։
   31. Ջրի մեջ կոկորդիլոսի հետ մի վիճի։
   32. Ջրում խեղդվողը ձեռքը տաշեղին էլ է գցում։
   33. Ջուր չտեսած ոտքերդ մի հանի։
   34. Սիրտդ միշտ արգելածին է ձգտում։
   35. Սիրտը մեկ է, ցանկությունները հազար։
   36. Սովորությունը բնավորություն է դառնում։
   37. Վերմակիդ չափով ոտքերդ պարզիր։
   38. Տանը առյուծ, դուրսը գառ։
   39. Ցամաքում շունը կոկորդիլոսին քաշ կտա, ջրում՝ կոկորդիլոսը շանը։
   40. Փիղը շան հաչոցից չի վախենա։
   41. Փողը բոլորին կուրացնում է։
   42. Փողի առաջ ավելի շատ են խոնարհվում, քան աստծու առաջ։
   43. Փողով ամեն հարց կլուծվի։
   44. Օձը երբեմն է կծում, չարամիտն՝ ամեն քայլափոխում:

Տես նաև - Հնդկական առածներ և ասացվածքներ - մաս 1

Հնդկական առածներ և ասացվածքներ - մաս 1

Ստորև ներկայացնում եմ 50 հնդկական առած և ասացված :)
  1. Ագահ մարդու փորը միշտ դատարկ կլհնի։ 
  2. Ագռավն ուզեց կաքավի նման քայլել, իրենն էլ մոռացավ։ 
  3. Ազնվությունը ամենալավ սովորությունն է։ 
  4. Ածուխի հետ գործ ունեցողի ձեռքերը սև կլինեն։ 
  5. Աղքատի միակ հարստությունն իր զավակներն են։ 
  6. Ամեն բան իր ժամանակն ունի։ 
  7. Ամեն մարդու համար իր տունը պալատ է։ 
  8. Ամեն մարդու պատիվն իր ձեռքին է։ 
  9. Այսօր այնպիսի բան մի անի, որ վաղը զղջաս։ 
  10. Անսպասելի նվերը շատ հաճելի է։ 
  11. Անբախտ ուղտին շունն էլ կկծի։ 
  12. Անգործությունը սատանայական մտքեր է առաջացնում։ 
  13. Անցածը ետ չի դառնա։ 
  14. Աշխատասիրությունը հարստության մայրն է։ 
  15. Առանց աշխատանքի քնջութից ձեթ չես քամի։ 
  16. Առյուծը խոտ չի ուտի, եթե նույնիսկ սովից մեռնի։ 
  17. Արգելված պտուղը համով կլինի։ 
  18. Բախտավորի աչքում բոլորը բախտավոր են։ 
  19. Բարի անունը ամեն հարստությունից թանկ է։ 
  20. Բոլոր մարդիկ սխալական են։ 
  21. Բոլորին մի արշինով չեն չափի։ 
  22. Գեղեցիկ երեսը բոլորը կհամբուրեն։ 
  23. Գինին ներս մտավ, խելքը դուրս թռավ։ 
  24. Գիտությունից լավ բարեկամ չկա, հիվանդությունից՝ վատ թշնամի։ 
  25. Գնաց աղոթելու, նստեցրին բամբակ գզելու: 
  26. Գողությամբ բերածը ջուրը կտանի։
  27. Գրպանը լիքը, գլուխը դատարկ։
  28. Եթե գինետանը ջուր էլ խմես, կասեն գինի է խմում։
  29. Երկաթը երկաթով են կտրում։
  30. Էշը ձի չի դառնա։
  31. Ընթրիքից հետո մանանեխ։
  32. Թմբուկները հեռվից հաճելի են հնչում։
  33. Թռչունների մեջ ես ապրում, թռչնի լեզվով պիտի խոսես։
  34. Ինը հարյուր մուկ խժռելուց հետո, կատուն Մեքքա ուխտ գնաց։
  35. Ի՞նչ արժեք ունի լուսնի համար շան հաչոցը։
  36. Ինչ որ գցես պղնձիդ մեջ, գդալդ կգա։
  37. Ի՞նչ տեսակ էշ ասես, որ Քաբուլում չկա։
  38. Ինչպես աշխատանքն է, այնպես էլ վարձատրությունն է։
  39. Ինչպես դու ես ինձ նայում, այնպես էլ ես եմ քեզ նայում։
  40. Ինչպես հայրն է, այնպես էլ որդին է։
  41. Ինչքան մարդ, այնքան խելք։
  42. Իր փողոցում շունն էլ է վագր։
  43. Լավ ընկերը դժբախտության ժամանւսկ է ճանաչվում։
  44. Լավ սկիզբը իմաստության կեսն է։
  45. Լեզվի վրա մեղր, սրտում՝ թույն։
  46. Լեզուդ ատամներհդ ետևը պահիր։
  47. Լեզուն սուր մկրատ է։
  48. Լռությունը համաձայնության կեսն է։
  49. Խելոք թշնամին հիմար ընկերոջից լավ է։
  50. Ծառն իր պտղով է ճանաչվում։

Կերակրի մասին

Հնդիկների մեծամասնությունը սնվում է բացառապես բուսական կերակրով և կաթնեղենով: Նրանց սննդի մեջ մեծ դեր են խաղում բրինձը, ջովարը (կորեկի մի տեսակը), կորեկը, ցորենը, ոսպը և զանազան բակլայաբույսեր:


Կաթն ու միսը աննշան տեղ են գրավում հնդիկի սննդի մեջ: Ինչպես գիտեք հինդուիզմը հնդիկներին արգելում է կով կամ եզ մորթել, առավել ևս նրանց միսը ուտել: Այս պատճառով էլ սխալ կարծիք է տարածված, թե իբր հնդիկները ընդհանրապես մին չեն գործածում: Հնդիկները բացի կովի և եզան մսից, այլ տեսակի միս գործածում են:


Հնդկաստանում բրինձը ամենատարածված սննդամթերքն է: Հնդիկները բրնձից հիմնականում քաշովի են պատրաստում: Եթե հնդիկը ունևոր է, ապա քաշովիի վրա ավելացնում է "կարի" կոչվող բավական կծու սոուսը:

Բրինձ և "կարի" սոուսը
Հնդիկները կերակուրների և ըմպելիքների մեջ լցնում են մեծ քանակությամբ բազմապիսի համեմունքներ, որոնք տալիս են կծու համ և այլ բուրմունքներ:
Ըստ համեմունքների գործածության, ճաշողները բաժանվում են խմբերի "միրչիվալա" և "բինա միրչիվալա", այսինքն՝ թունդ համեմունք գործածողներ և ոչ թունդ համեմունքներ գործածողներ:


Ճաշից հետո գործածական է "պան" կոչվող թմբուլը: Հնդկները պանը համարում են համեղ ուտելիք: Դա փաթաթում են բետել կոչվող բույսի տերևների մեջ, որը հայտնի է իր կծվությամբ: Մեջը լցնում են արեկա արմավենու սերմերը: Հնդիկների ասելով պան ուտողի բերանը հովանում է և իբր թե նպաստում ախտահանմանը:

"Պան"
Հնդիկը ջուրը խմելիս շրթունքները չի կպցնում ամանին, այլ ջուրը վարպետորեն լցնում է բերանը: Նրանց ճնշող մեծամասնությունը ոգելից խմիչքներ չեն օգտագործում:


Հնդիկները ճաշասեղանի սպասք չեն օգտագործում: Նրանք ամեն ինչ ուտում են մատներով, բացառություն են կազմում շատ քչերը: Նախքան ուտելը նրանք իրենց ձեռքերը շատ մաքուր լվանում են: Հնդիկների մոտ գործածական չէ նաև աթոռը, նրանք նստում են մոտ 30 սանտիմետր բարձրություն ունեցող սեղանի շուրջը:


Չապատին, հնդկական ազգային հացը, որը նման է բլիթների, մեծ տարածում չունի:

Չապատի