Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

22 июл. 2015 г.

Մահացածի դիակի այրումը (Հինդուիզմ)

Հինդուիզմի հետևողները մահացածի դիակը այրում են: Ունևորները հաճախ իրենց մեռելներին Բենարես են տանում և Գանգեսի ափին այրում:

Բենարես
Դիակիզման տարօրինակ արարողությունից հետո մոխիրը լցնում են փոքրիկ քսակների մեջ, խորհրդավոր լռությամբ, տխուր ու տրտում, տուն վերադառնում: Իսկ երբ մթնում է, սկսում է գիշերային սգահանդեսը, որը տևում է գրեթե մինչև արշալույս:


Ըստ հնդկական վաղեմի սովորության, նստում են ծալապատիկ, տեղական եղինգից պատրաստված խսիրների վրա: Հետո առատ ուտելիք են բաժանում: Ուտում են միայն մեկ ձեռքով, առանց մի բառ արտասանելու կամ միմյանց երես նայելու: Իսկ ընթրիքը վերջացնելուց հետո, յուրաքանչյուրը կոտրում է իր կավե գավաթը, որով ջուր է խմել(այս սովորությունը մնացել է Հարավային Հնդկաստանում բնակվող դրավիդյան ժողովուրդներից):


Մինչև արշալույս չեն քնում, տղամարդիկ ծխում են հնդկական նարգիլա ու խոր հոզումով լսում հնդկական սուգի ու մահվան տխուր մեղեդիներ: Լույսը բացվելուն պես կազմում են մի մեծ թափոր ու մոխիրը իրենց հետ վերցրած` երգելով, պարելով, զանգահարությամբ գնում են այն ափը, որ տեղի է ունեցել դիակիզումը, որպեսզի մոխիրը ջրին տան:


Թափորապետ պանդիտը (հնդիկները հոգևորականներին պանդիտ են անվանում) մոխիրը Գանգեսին հանձնելուց առաջ, արտասանում է մի շարք խորիմաստ քառյակներ ու գազելներ: Դրանք սովորաբար խրատա-բարոյական բովանդակություն են ունենում.

Աշխարհի մեջ կա երկու
Անլուծելի առեղծված,
Թե որտեղի՞ց մենք եկանք,
Եվ վերջն ու՞ր ենք գնալու…

Այսօր դու ես, վաղը նա,
Ծնվելուց ետ` մահը կա,
Կուզես խնդա, կուզես լա,
Փոշիդ անգամ չի մնա:

Комментариев нет:

Отправить комментарий